Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ կյանք է պարգևել»

«Շնորհակալ եմ Աստծուն,  որ ինձ կյանք է պարգևել»
25.07.2014 | 10:51

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգի հաղթող է ճանաչվել ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը: Փառատոնի օրերին Հայաստանում էր գտնվում ֆիլմի գլխավոր դերակատար Յանա Նովիկովան, ով մրցանակն ստանալիս խոստովանեց, թե ինքն այնքան է սիրել Հայաստանը, որ ուղղակի չի ցանկանում հեռանալ այստեղից:
Նրա շփումը հայ հասարակության հետ ապահովում էր Հայաստանի խուլ-համրերի միավորման աշխատակից, ժեստերի թարգմանիչ Ռոզա Բալեյանը, ում շնորհիվ էլ կայացավ մեր զրույցը ՅԱՆԱ ՆՈՎԻԿՈՎԱՅԻ հետ:

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ԿԻՆՈՅՈՒՄ»


-Յանա, ո՞ր տարիքից եք կինոյում:
-Տասնինը տարեկան էի, սովորում էի մեքենաշինական քոլեջի երրորդ կուրսում: Այդ ժամանակ էր, որ մտածեցի դերասանուհի դառնալու մասին: Սիրտս ինձ թելադրում էր, որ իմ կոչումը դերասանությունն է, մեքենաշինությունն իմը չէ, ինձ հետ ոչ մի կապ չունի: Մտածում էի, որ պիտի նկարահանվեմ ֆիլմում: Դա էր իմ ձգտումը: Ես վստահ էի, որ խուլ ու համր մարդը կարող է դերասանուհի դառնալ: Իսկ ինչո՞ւ` ոչ: Ռիսկի դիմեցի, փնտրեցի և գտա կինո տանող ճանապարհը: Դա իմ շանսն էր, իմ կարևոր քայլը ապագաս կառուցելու, կարիերաս ապահովելու ճանապարհին:
-Դուք Ձեր հետագա ամբողջ կյանքը կինոյի հե՞տ եք կապում, թե՞ ունեք նաև այլ հետաքրքրություններ, այլ նպատակներ:
-Այո՛: Ես սիրում եմ կինոն, սիրում եմ դերասանի մասնագիտությունը: Առանց դրանց չեմ կարող ապրել, չեմ պատկերացնում կյանքս այլ կերպ: Ինչպես ձուկն իրեն կզգա առանց ջրի, այդպես էլ ես եմ զգում իմ կյանքն առանց կինոյի:
-Կինոյում աշխատելու նոր առաջարկություններ, նոր ծրագրեր արդեն ունե՞ք, թե՞ կինոյի հետ ապագան կապելու հեռանկարը դեռևս չի կոնկրետացել, դեռևս երազանք է:
-Ձեր քաղաքում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ, ես բազմաթիվ շփումներ եմ ունեցել, որոնց համար չափազանց ուրախ եմ: Իհարկե, կոնկրետ առաջարկություններ, հրավերներ դեռ ոչ մեկից չեմ ստացել, գուցե հետագայում կլինեն: Այս պահին ունեմ մի առաջարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Նորզելանդացի մի ռեժիսոր` Պոլ Ապրեչինը, որ ապրում է ԱՄՆ-ում, ֆիլմ է նկարահանում, նա է ինձ առաջարկել իր հետ աշխատել կինոյում: Ինձ ուղարկել է փորձնական ժապավեններ, որ ես պատկերացում կազմեմ սպասվող աշխատանքի մասին: Բայց առայժմ կան որոշակի խոչընդոտներ այդ ֆիլմի նկարահանման գործընթացում, որովհետև բացակայում են անհրաժեշտ ֆինանսները: Գուցե ես նկարահանումներն անեմ առանց ֆինանսական ներդրումների: Ինչ արած: Կսկսեմ նկարել, հետո կտեսնենք, թե ինչ կկարողանանք անել:
-Այսինքն, Դուք որպես ռեժիսո՞ր եք մասնակցելու այդ ֆիլմի աշխատանքներին:
-Այո՛: Դա մեծ ֆիլմ չէ, կարճամետրաժ է: Բայց ես ուրախ եմ, որ այդ փորձը կունենամ, ինքս կլինեմ ֆիլմի հեղինակը, թեկուզ և փոքր տևողությամբ ֆիլմի: Ես ցանկանում եմ ստեղծագործել, ստեղծագործել կինոյում: Եվ հույս ունեմ, որ հաջող ավարտ կունենա այդ աշխատանքը:

«ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ ՈՒ ԽԱՂԱԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ»


-«Ցեղը» ֆիլմը հոգեբանական մեծ ճնշում է պարտադրում հանդիսատեսին: Ես այն մեկ անգամ դիտելուց հետո շատերին եմ խորհուրդ տվել, որ դիտեն, բայց և խոստովանել եմ, որ երկրորդ անգամ այն դիտելու ուժ ինքս չունեմ: Ձեզ, որպես այդ մղձավանջային իրականության մեջ հայտնված կերպարը մարմնավորած դերասանուհու, որքա՞ն է հաջողվել ձերբազատվել այդ իրականության, Ձեր խաղացած դերի ազդեցությունից, հոգեբանական այդ ցնցումն ինչպե՞ս եք հաղթահարել ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո:
-Շատ դժվար էր հաղթահարել այդ ամենը: Հատկապես ֆիլմի մի դրվագը` աբորտի տեսարանը, սարսափելի էր թե՛ խաղալ, թե՛ հետո այդ ապրումները մոռանալ: Ես պարզապես չգիտեի, թե ինչ պիտի անեմ: Շատ ծանր զգացողությունների մեջ էի, երբ նկարահանվում էր այդ տեսարանը, ինձ բոլորովին անծանոթ վիճակ էր: Ես ուղղակի ռիսկի եմ գնացել` խաղալով աբորտ անող կնոջ կերպարը: Բավական շատ ինֆորմացիա եմ հավաքել այդ երևույթի մասին, փորձել եմ դերի մեջ մտնել` բավականին դժվարությունների միջով անցնելով: Մինչև տեսարանը նկարահանելը եղանք բժշկի մոտ, զրուցեցինք նրա հետ, ճշտեցինք որոշ հարցեր: Այդ կինը, որ պիտի խաղար բժշկի դերը, ինձ երկար բացատրություններ տվեց, թե ինչպես պիտի խաղամ ցավ ապրող, լաց եղող կնոջ կերպարը: Ես ի մի եմ բերել իմ տպավորությունները, ու սկսել ենք նկարահանումը: Շատ երկար են տևել այդ հատվածի նկարահանման աշխատանքները, բազմաթիվ դուբլեր ենք արել: Բժշկի դերակատարը մեծ դժվարությամբ է ինձ հասկացրել, թե ինչպես ես պետք է կապվեմ պարանով, ինչպես պետք է նստեմ լոգարանում` տախտակի վրա: Անգամ մի տիկնիկ էին բերել, որի վրա ցույց էին տալիս համապատասխան դիրքը, որ ես պետք է ընդունեի այդ տեսարանում: Մի անգամ էլ այցելել եմ գինեկոլոգի, նրա աշխատասենյակում տեսել իրական կանանց, որ աբորտ էին անում: Դա մի երկարատև, դաժան, անչափ տհաճ պրոցես էր: Սարսափելի էր տեսնել այն մետաղյա գործիքները, որոնք պիտի օգտագործեր բժիշկը: Բայց դա պահանջում էր դերը, պահանջում էր ֆիլմը, և ես պետք է կատարեի բոլոր պահանջները:
-Ինչպե՞ս էիք կարողանում շփվել ֆիլմի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու հետ, իրար չհասկանալու բարդություններ չէի՞ն ծագում:
-Մեզ հետ մշտապես եղել է ժեստերի թարգմանիչը, առանց նրա մասնակցության չէինք կարողանա աշխատել: Ռեժիսորի յուրաքանչյուր բառը նա հասցրել է ինձ, իմը` նրան:
-Գիտեմ, որ Սլաբոշպիցկու հետ խնդիրներ եք ունեցել` բաց տեսարաններում նկարահանվելու հետ կապված, դեմ եք եղել կինոխցիկի առջև մերկ հանդես գալուն: Եվ ինչպե՞ս եղավ, որ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարաններում, որոնք քիչ չեն ֆիլմում:
-Սլաբոշպիցկու դիրքորոշումը շատ կտրուկ էր: Նա չցանկացավ լսել ոչինչ, ուղղակի ասաց. «Եթե մերկ չես նկարահանվելու, եթե սեքսուալ կադրերում չես ուզում երևալ, ուրեմն դո՛ւրս կորիր: Այդ դեպքում ուղղակի չես խաղա ֆիլմում»: Իսկ ես այնքան շատ էի ուզում նկարահանվել, որ ինձ ստիպեցի համակերպվել ռեժիսորի պահանջների հետ ու խաղացի այնպես, ինչպես նա էր ցանկանում:
-«Ցեղը» ֆիլմը, բացի «Ոսկե ծիրանի» «Միջազգային խաղարկային մրցույթի» գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանանալուց, այլ նվաճումներ, այլ մրցանակներ ևս ունեցել է: Կպատմե՞ք այդ մասին:
-«Ցեղը» ֆիլմի նախագիծը 2012 թվականին Երևանում անցկացված «Ռեժիսորներ առանց սահմանների» 6-րդ համատեղ արտադրության ֆորումի հաղթողներից է, ստացել է 3500 եվրո դրամաշնորհ, ֆիլմն արժանացել է «France-4»-ի «Հայտնություն» մեծ մրցանակին, Տարկովսկուն նվիրված «Հայելի» փառատոնի գլխավոր մրցանակին, այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի երեք մրցանակին:
-Տեղյա՞կ եք, որ կորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկն իր մամլո ասուլիսի ժամանակ հատուկ անդրադարձել է Ձեր մարմնավորած կերպարին «Ցեղը» ֆիլմում, իր հիացմունքն արտահայտել Ձեր անձի և դերասանական աշխատանքի վերաբերյալ:
-Այո՛, տեղյակ եմ, գիտեմ նրա վերաբերմունքի մասին:
-Չե՞ք մտածում, որ կարող եք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ ձեռք բերած այդ ծանոթության արդյունքում հենց իրենից` նշանավոր Կիմ Կի-Դուկից, իր ֆիլմերից որևէ մեկում նկարահանվելու առաջարկություն ստանալ:
-Ապշած եմ Ձեր հարցից: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Գուցե Աստված է ինձ ընձեռել այդ մեծ ռեժիսորին հանդիպելու հնարավորությունը, բայց չեմ կարող երազել, թե նրանից իր որևէ ֆիլմում նկարահանվելու առաջարկություն կստանամ:


«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»


-Երբ իմացաք, որ պետք է գաք Հայաստան, «Ցեղը» ֆիլմով մասնակցեք «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ի՞նչ զգացողություն ունեցաք:
-Փառատոնի հրավերն ստանալուց հետո ինձ տեղեկացրին այդ մասին և հարցրին, թե համաձա՞յն եմ արդյոք միայնակ մեկնելու Հայաստան, լինելու Երևանի միջազգային կինոփառատոնում «Ցեղը» ֆիլմի ներկայացուցիչը: Ես իսկույն տվեցի համաձայնությունս, պատրաստվեցի այստեղ գալ, առանց մտածելու, թե կարող եմ որևէ խնդիր ունենալ: Ես գիտեի, որ այստեղ գեղեցիկ միջոցառումներ են լինում, ջերմ ընդունելություն է լինում, հետաքրքիր հանդիպումներ են լինում: Այդ պատճառով էլ որոշեցի անպայման գալ ու իմ աչքով տեսնել այդ ամենը, անձամբ իրազեկված լինել «Ոսկե ծիրանի» անցուդարձերին:
-Ի՞նչն եք առավել հավանել, ինքներդ Ձեզ համար առավել կարևորել Հայաստանում, Երևանում:
-Հավանել եմ այն ամենը, ինչ հասցրել եմ տեսնել: Առաջին բանը, որին ականատես և մասնակից եղա, Ծիրանօրհնեքի արարողությունն էր հայկական եկեղեցում: Շատ տպավորված եմ այդ ծեսից: Եղել եմ նաև Գառնիում, Գեղարդում, «Արարատ» կոնյակի գործարանում, Երևանի խուլ-համրերի մշակույթի պալատում, շփվել Ձեր հայրենակիցների հետ, որոնք ինձ նման ունեն հաղորդակցվելու խնդիր:
-Փաստորեն, մինչ այս արդեն տարբեր փառատոների եք մասնակցել: Այդ համապատկերում ինչպե՞ս եք գնահատում «Ոսկե ծիրանը»` զուտ որպես մշակութային երևույթ, որպես կինոփառատոն:
-Բարձրագույն գնահատականով եմ գնահատում «Ոսկե ծիրանը»: Այստեղ ամեն բան հրաշալի է:
-Եթե «Ոսկե ծիրանից» կրկին հրավեր ստանաք, կգա՞ք Հայաստան:
-Իհարկե, մեծ հաճույքով:

«ԵՍ ԿԱՐՈՂ ԷԻ ՄԱՀԱՑԱԾ ԼԻՆԵԼ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ»


-Ի՞նչ ընտանիք ունեք Դուք, ովքե՞ր են Ձեր ծնողները: Խուլ-համրությունը ժառանգակա՞ն երևույթ է Ձեր գերդաստանում:
-Ծնողներս խոսում են, ծառայողներ են: Ես և քույրս ենք խուլ, միասին ենք սովորել խուլ-համրերի մասնագիտացված դպրոցում: Քույրս ինձնից փոքր է, նոր է ավարտել դպրոցը, դեռ չգիտեմ, թե ինչ մասնագիտություն կընտրի: Ես մանկապարտեզ չեմ գնացել, եղել եմ տանը` մայրիկիս հետ: Մայրս ինձ անընդհատ ուղղորդել է դեպի նկարչությունը: Երեք տարեկանից եմ նկարել, և մայրս երազել է, որ իր դուստրը նկարիչ, դիզայներ դառնա, բայց հիմա նա շատ ավելի ուրախ է, որ ես դերասանուհի եմ դարձել: Իհարկե, դերասանուհի դառնալու հարցում մեծ է եղել իմ նկարչական կրթության դերը: Եթե ես աշխարհի գեղանկարչական ընկալումը չունենայի, երևի թե չկարողանայի լինել կինոյում:
-Դուք շատ կենսասեր, կենսուրախ մարդ եք, ոչ միայն կյանքն եք սիրում, այլև անձնական սիրո պատմություն ունեք:
-Այո՛, ես ունեմ ընկեր: Բայց վերջին շրջանում նա չի հասկանում ինձ: Մեր հարաբերությունները շատ նորմալ էին մինչև ֆիլմում իմ նկարահանվելը, բայց հետո ինչ-որ խզում առաջացավ մեր միջև: Նա դեմ էր, որ ես նկարահանվեի ֆիլմում: Մեր մեջ մի փոքր վիճաբանություն եղավ այդ հարցի հետ կապված, և ես չգիտեմ, թե ինչպես կշարունակվեն մեր հարաբերությունները: Մենք ասես երկու հակադիր բևեռներ լինենք հիմա, իրար դեմ գնալով` ապրում ենք: Նա էլ է խուլ ու համր, սպորտսմեն է, զբաղվում է բարձրացատկով, չեմպիոնի կոչման է արժանացել:
-«Ցեղը» ֆիլմում ներկայացվող պատմության նման երևույթներ իրականում կայի՞ն այն քոլեջում, որտեղ Դուք սովորել եք:
-Եղել են: Հատկապես դրամաշորթության երևույթը շատ տարածված էր մեր քոլեջում: Դա միայն մեր հաստատությանը չէ բնորոշ, այդպիսի բաներ կատարվում են բոլոր գիշերօթիկներում: Խուլ-համր են տվյալ հաստատության սաները, թե խոսող, առողջ մարդիկ, տարբերությունը մեծ չէ, բոլոր տեղերում են ահավոր բաներ կատարվում:
-Դուք վիրավորվա՞ծ եք Աստծուց այդ արատն ունենալու համար:
-Ո՛չ, բոլորովին: Ընդհակառակը, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ կյանք է պարգևել: Ես կարող էի մահացած լինել, գոյություն չունենալ: Երբ ծնվելուցս հետո ես հիվանդացել եմ, ընկել կոմայի մեջ, մայրս աղոթել է Աստծուն իմ փրկության համար: Աստված լսել է մորս աղոթքը, ինձ վերադարձրել է կյանք, բայց ես կորցրել եմ լսողությունս: Պատճառը եղել է սխալ բուժումը: Եվ փա՜ռք Աստծո, որ ես չեմ մահացել, ապրել եմ` թեկուզ և առանց լսել ու խոսել կարողանալու:

«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂՅԱԿ ԵՄ ԻՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ` ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ»


-Մեր երկրի վիճակի, մեր ժողովրդի մասին հասցրե՞լ եք ինչ-որ բան իմանալ:
-Ո՛չ, ժամանակս չի բավարարել դրա համար:
-Իսկ ի՞նչ կասեք Ձեր հայրենիքի` Բելառուսի և «Ցեղը» ֆիլմի հայրենիքի` ՈՒկրաինայի իրականության, մարդկանց մասին:
-Ես ավելի շատ տեղյակ եմ իմ ճակատագրի տեր մարդկանց` խուլ ու համրերի կյանքին: Մենք ունենք որոշակի դժվարություններ: Դա նախ և առաջ ֆինանսների անբավարարությանն է վերաբերում: Մեզ նման մարդկանց համար առավել դժվար է, որովհետև չկան թարգմանիչներ, որոնք պիտի ապահովեին մեր շփումը հասարակության հետ: ՈՒկրաինայում էլ առանձնապես լավ չէ վիճակը այս իմաստով: Ցածր թոշակներ են ստանում խուլերը, սոցիալական ծանր վիճակում են ապրում: Ցանկալի է, որ այս խնդիրները երբևէ լուծում ստանան:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ